Pluri Consultoria գործակալությունը հրապարակել է ամենաշատ վարձատրվող ֆուտբոլային մարզիչների ցուցակը: Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ղեկակալը: Մատուցած ծառայությունների համար Ժոզե Մոուրինյոն արքայական ակումբից տարեկան ստանում է 15,3 մլն եվրո աշխատավարձ: Պորտուգալացի մասնագետի հետ առաջին եռյակում են իտալացի երկու մարզիչներ՝ Կառլո Անչելոտին ու Մարչելո Լիպին: Ֆրանսիական ՊՍԺ-ն Անչելոտիի աշխատանքը գնահատում է տարեկան 13,5 միլիոնի չափով, իսկ Լիպիին չինական «Գուանչժոուի» հատկացումը կազմում է 10 մլն եվրո:
Ընդամենը հարյուր հազար եվրո է պակաս ստանում Բրիտանիայի ամենաֆրանսիական ակումբի՝ «Արսենալի» ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերն իր ավելի փորձառու գործակցից` «Մանչեստր Յունայթեդն» ավելի քան քսանհինգ տարի անփոփոխ գլխավորող սըր Ալեքս Ֆերգյուսոնից, ում աշխատավարձը կազմում է 9,4 միլիոն եվրո: Ի դեպ, բոլորովին վերջերս, ի նշան շոտլանդացի մասնագետի նկատմամբ ունեցած հարգանքի, ինչպես նաև վաստակի գնահատականի, «Օլդ Թրաֆորդի» մուտքի մոտ կանգնեցվեց նրա բրոնզաձույլ արձանը: Ասենք, որ անգլիական ֆուտբոլի պատմության մեջ նրանից առաջ նման պատվի է արժանացել ընդամենը երեք անձ: Եթե ծուռը նստելու կողքին պահպանենք նաև ժողովրդական խոսքի ճշմարիտ խոսելու պատվիրան-պարտադրանքը, սա շատ ավելի խոշոր վարձատրություն է, քան «քեշ» փողով հատուցված ցանկացած վճար:
Հոլանդացի Գուս Հիդինկի աշխատանքը ռուսական «Անժին» արժևորել է 8,3 միլիոնի չափով: Փոքր-ինչ համեստ են գնահատված այս երկրի հավաքականը գլխավորող Ֆաբիո Կապելոյի ջանքերը. Ռուսաստանի հավաքականը ոտքի հանելու գործում իտալացի մասնագետի համար սահմանային է դիտարկվել 7,8 միլիոն եվրոն:
Վերևինների համեմատությամբ անհամեմատ ցածր կարելի է որակել Տիտո Վիլանովայի համար սահմանված յոթ միլիոնը, թեպետ «Բարսելոնի» նման գերակումբ ղեկավարելն արդեն իսկ մեծագույն պատիվ է ու վարձատրություն: Բացի այդ, Վիլանովան դեռ պիտի ապացուցի, որ, որպես մասնագետ, իսկապես արժանի է այս մեծագույն ակումբի մարզիչ կոչվելու պատվին, Խոսեպ Գվարդիոլայի օրինական ժառանգորդ ճանաչվելուն: Առայժմ ամեն ինչ հարթ է գնում, բայց տեսնենք «հետո»-ն ինչ կլինի, որքան էլ նրա աշխատավարձը մեր գրպանից չի դուրս գալիս:
Աղյուսակում ութերորդ ու իններորդ հորիզոնականները հավասար 5,9 միլիոնով կիսում են Չինաստանի հավաքականի պատասխանատվությունը ստանձնած Խոսե Անտոնիո Կամաչոն ու արաբական փողատերերի «Մանչեստր Սիթին» գլխավորող Ռոբերտո Մանչինին:
3,3 միլիոն եվրո աշխատավարձով տասնյակը եզրափակում է խարիզմատիկ իտալացի Լուչանո Սպալետին, ով խոստացել էր Չեմպիոնների լիգայի խմբայինից դուրս գալու դեպքում սանրվածքը փոխել, սակայն, ինչպես պարզ երևաց հեղինակավոր մրցաշարում «Զենիթի» մասնակցությունից, սինյոր Լուչանոյի ուսերն առնվազն մի տարի էլ են ստիպված լինելու հանդուրժել նրա կատարի արտիստիկ լերկությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ